Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Քրիստոնեության և իսլամի միջև չկան քաղաքական հակասություն և թշնամանք

Քրիստոնեության և իսլամի միջև չկան քաղաքական հակասություն և թշնամանք
11.11.2016 | 01:16

Հեռուստալրատվական ալիքները, մամուլն ու սոցցանցերը լի են սիրիական պատերազմի հոգեցունց պատկերներով: Ամենօրյա տեղեկություններն ու տեսանյութերը Սիրիայի շեն ու ծաղկուն քաղաքների ավերածության, երեխաների զանգվածային և դաժան սպանդի տեսարաններով հանգիստ չեն տալիս մարդկային նկարագիրը չկորցրած մարդկանց, մանավանդ իր ազգային դժբախտությունը տեսած ու ապրած մեր ժողովրդին: Մի քանի րոպե տևողությամբ մի տեսահոլովակ է շրջանառվում համացանցում. դառնակսկիծ, լացակումած ձայնով արաբը ողբում է իր հեքիաթային Հալեպի համար՝ զուգահեռաբար ցուցադրելով շեն ու գեղեցիկ Հալեպն ու ավերակների կույտի վերածված, ժամանակին առատության և խաղաղ կյանքի խորհրդանիշ, բայց այսօր ողբի ու որբերի լացով լցված Հալեպը: Հասկանում եմ վիշտդ, արա՛բ եղբայր, մեր հայրենիքը ևս ավերեցին այդ մութ ուժերը ուրիշների ձեռքով և աշխարհի հզորները, որ միայն փողով են չափում իրենց ուժը, նույնպես, ինչպես այսօր, անտարբեր նայեցին ու շարունակեցին աշխարհը բաժանելու իրենց խրախճանքը:


Չգիտեմ ՝շարունակե՞մ հավատալ Աստծո արդարությանը, թե իբր՝ Աստված միշտ արդարի և բարու աջակիցն է: Ավա՜ղ, հավատս կարծես խախտվում է...
Հարյուր տարի առաջ Սիրիան բարեգթությամբ իր գիրկն առավ ցեղասպանությունից մահապուրծ, լլկված ու հայրենակորուստ իմ ժողովրդին և բաց արեց նրա առաջ նաև իր սրտի դռներն ու ասաց.
-Ես չունեմ ոսկի ու գանձեր, որ քեզ բաշխեմ, բայց ունեմ բարի սիրտ, որ քեզ կսիրի ու կհարգի, ունեմ երկիր, որը հայրենիք համարի՛ր քեզ ու ապրի՛ր, որքան կկամենաս: Ես գիտեմ, որ դու ազնիվ ես ու աշխատասեր, իսկ այդ հատկանիշներով կարելի է երկիրը ծաղկեցնել-շենացնել, անձնապես ապրել հանգիստ ու ապահով:
Արաբը չէր սխալվում:


Եվ տնանկ ու դժբախտ իմ ժողովուրդն իր ազնիվ ու տքնաջան աշխատանքով մասնակցեց Սիրիայի և մանավանդ Հալեպի շենացմանը:
Հարյուր տարում եղբայրացան հայն ու արաբը. հայը՝ Քրիստոսի հավատի հետևորդ, արաբը՝ մարգարե Մուհամեդի հավատավոր.... Եվ հավատի տարբերությունը բնավ չթշնամացրեց երկու ազգերին, այլ՝ Աստված մեծ է ասելով` իրար օգնեցին:
Հիմա ո՞վ է հրահրում այս դաժան հակասություն-պատերազմը քրիստոնյաների ու մահմեդականների միջև:


Ո՞Ւմ է ձեռնտու աշխարհամասի այս տարածքը հիմնահատակ ավերելն ու ժողովուրդներին հայրենազուրկ անելը, աշխարհով մեկ սփռելը: Իհարկե՝ նրանց, ովքեր վաղուց են հեռացել Աստծո բարեգթությունից:
Համաշխարհային ոգու այս ճգնաժամը մարդկանց մի խմբին մղում է հանուն փողի ու իշխանության կործանել ու թալանել մյուս ազգերի երկիրն ու դարերի և տասնամյակների կուտակած մշակութային և նյութական արժեքները: Հենց նրանք էլ զենք են վաճառում հազարավոր մոլորյալ մարդկանց և դրդում են պատերազմի՝ իբրև հանուն հավատի:
Հանուն հավատի կռվող զինվորը երբեք չի ոտնահարի մյուս մարդու հավատն ու բարեպաշտությունը: Մինչդեռ այդ «հավատի մարտիկները» սովորական ավազակներ են և կարծես նաև ո՛չ բնավ մահմեդականներ… Եթե իսկապես դրանք իսլամի հավատավոր նվիրյալներ են, ինչո՞ւ են ավերում իրենց հավատակիցների երկրները և սպանդի ենթարկում իրենց իսկ հավատակիցներին:


Ո՛չ, նրանք մահմեդականներ և իսլամի հետևորդներ չեն. դրանք անկրոն, անհավատ և անաստված մարդակերպ արարածներ են, որոնց նպատակը փողն է և հարստությունը, սակայն նրանք իրենց կարճամտությամբ չեն հասկանում, որ գործիք են դարձել այդ մութ ուժերի ձեռքին: Կգա այն ժամանակը, երբ իրենք վերջնականապես ավերած կլինեն արաբական երկրները և այլևս պետք չեն լինի իրենց զինողներին. և՛ զենքը կվերցնեն նրանցից, և՛ հարստությունն ու կյանքը: Իսկ նրանց զինող «մարդասիրական և ժողովրդավարական» ուժերը, որ իրականում ձգտում են տիրել աշխարհին, վերջնականապես կբացահայտվեն:
Ո՛չ, այդ մութ ուժերին չի՛ հաջողվի աշխարհն ու ողջ մարդկությանը ստրկացնել:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 21068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ